Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 26-ին կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց՝ պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, միջգերատեսչական միջոցառումների կազմակերպումը՝ խնդիրները բարձրաձայնելու, դրանք համատեղ ուժերով քննարկելու և հետագայում դրանց լուծումներ գտնելու տեսանկյունից։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է յուրաքանչյուրի հանձնառության կարևորությունը` ջանքերը մեկտեղելու և ոլորտում առկա բոլոր խնդիրները հաղթահարելու հարցում։
«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց։ Չնայած պետության կողմից ձեռնարկված քայլերին` մենք պարբերաբար ստանում ենք ահազանգեր բռնության, խոշտանգումների վերաբերյալ։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, խոշտանգումների զոհերին տրամադրվող աջակցությունը, այդ գործերով իրականացվող քննությունն ամենօրյա աշխատանքի արդյունք պետք է լինի»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Ըստ նրա՝ ոլորտում առկա խնդիրները պետք է պատշաճ հասցեավորել և խոշտանգման գործերով իրականացնել պատշաճ քննություն` հաշվի առնելով նշված գործերի քննության առանձնահատկությունները։ Չափազանց կարևոր է, որ մեր պետությունն ունենա խոշտանգումների զոհերի աջակցման պատշաճ կառուցակարգեր։
Բացման խոսքով է հանդես եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Վերջինս կարևորել է պետական մարմինների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և նշված ոլորոտում նրանց շարունակական վերապատրաստումները։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը և գործառույթները, Խոշտանգման հասկացությունը ներպետական իրավական համակարգում և միջազգային փաստաթղթերում, Խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային փաստաթղթերը, ԽԿԿ (Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե) չափանիշները, ոլորտի ՄԻԵԴ-ի վճիռները, ոչ հոժարակամ բուժումը, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի, զսպման և հարկադրանքի այլ միջոցների կիրառումը, ազատությունից զրկման վայրեր ընդունվելիս անձանց առաջնային բժշկական զննությունը՝ որպես վատ վերաբերմունքի կանխարգելման կարևոր բաղադրիչ և այլն։
Իրավասու մարմինների ներկայացուցիչները քննարկման ընթացքում բարձրաձայնել են առավել հաճախ հանդիպող խնդիրները, քննարկվել են լուծման ուղիները։
Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է ՄԱԶԾ աջակցությամբ` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում։