Եվրոպական Միությունը և Ղրղզստանի Հանրապետությունը այսօր Բրյուսելում ստորագրել են Ընդլայնված գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր, ինչը կարևոր հանգրվան էր երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում՝ հայտնել են Եվրամիությունից:
«Համաձայնագիրը նոր իրավական հիմք կապահովի քաղաքական երկխոսության ամրապնդման և բազմաթիվ ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման համար: Դրանք ներառում են առևտուրը և ներդրումները, կայուն զարգացման և փոխազդեցության, նորարարության, կրթության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության, ինչպես նաև օրենքի գերակայության, մարդու իրավունքների ոլորտները և քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը»,- նշված է ԵՄ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փաստաթուղթը նաև թույլ է տալիս ամրապնդել համագործակցությունն արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտներում, ներառյալ՝ հակամարտությունների կանխարգելման և ճգնաժամերի կարգավորման, ռիսկերի նվազեցման, կիբեռանվտանգության, տարածաշրջանային կայունության, զինաթափման, չտարածման, սպառազինությունների վերահսկման և արտահանման հարցերը:
«Մենք ուրախ ենք տեսնել Ղրղզստանի Հանրապետությունը մեր մերձավոր գործընկերների շարքում։ Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագիրը ցույց է տալիս մեր հաստատակամ հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները և արտացոլում է աշխարհաքաղաքական և տնտեսական նոր իրողությունները: Մենք կշարունակենք աշխատել Ղրղզստանի հետ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հետագա ամրապնդման ուղղությամբ և կզարգացնենք համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ, որը բաց ժողովրդավարական հասարակության կարևորագույն հիմնասյունն է»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: