WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը գրավի դիմաց ազատ է արձակվել բրիտանական Բելմարշ բանտից, որտեղ նա անցկացրել է 1901 օր: Ասանժն արդեն լքել է Մեծ Բրիտանիայի տարածքը:
WikiLeaks-ի X-ի միկրոբլոգում նշվում է, որ դատարանի նման որոշումը հնարավոր է դարձել մամուլի ազատության համար պայքարող կազմակերպությունների, քաղաքական գործիչների, մինչև անգամ ՄԱԿ-ի ջանքերի շնորհիվ: Բանակցություններ են անցկացվել նաև ԱՄՆ արդարադատության նախարարության հետ, սակայն գործարքը դեռ ավարտված չէ:
The New York Times-ի տվյալով՝ ազատ արձակման դիմաց Ասանժը կընդունի ԱՄՆ լրտեսության մասին օրենքը խախտելու համար իրեն ներկայացվող մեղադրանքը: Ակնկալվում է, որ նրա վերջնական վճիռը կկայացվի վաղը Սայպան կղզում: The New York Times-ը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, նա կդատապարտվի 5 տարի ազատազրկման, այդ ժամկետը նա արդեն անցկացրել է բրիտանական բանտում: Ասանժին նոր բանտարկություն չի սպառնա: