ԱՄՆ բոլոր գործընկերները, այդ թվում՝ Վրաստանը, կհրավիրվեն մասնակցելու ՆԱՏՕ-ի միջոցառումներին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
Միաժամանակ, մեկնաբանելով Վրաստանի վարչապետի հայտարարությունը, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը չի խանգարի Թբիլիսիի եվրատլանտյան ինտեգրմանը՝ նա նշել է՝ Վաշինգտոնը մտահոգված է «Վրացական երազանք» իշխող կուսակցության որոշումներով և հռետորաբանությամբ։
«Ակնհայտ է, որ Վրաստանի բնակչության 80 տոկոսից ավելին ցանկանում է մերձենալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»,- հավելել է Օ՛Բրայենը:
Ամերիկացի պաշտոնյան հերթական անգամ կոչ է արել Վրաստանի իշխանությանը «վերանայել ներկայիս դիրքորոշումները»: «Այնուհանդերձ, Միացյալ Նահանգները կշարունակի քննարկել Վրաստանի հետ բազմակողմ և երկկողմ հարաբերությունները»,- շեշտել է Պետքարտուղարի օգնականը: