ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկին, նշել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և փոխընդունելի կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և ռազմագերիների, այդ թվում՝ ԼՂ ղեկավարների վերադարձի հարցն է։
Արմեն Գևորգյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ մոտեցում ունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարն այս խնդրի առնչությամբ:
«Ակնհայտ է, որ անցած տարի բոլորիս մտահոգել էր Լեռնային Ղարաբաղի տարածքից հայերի վտարումը։ Մենք մի շարք առաքելություններ ենք նախաձեռնել մասնավորապես Հայաստանում՝ ավելի շատ տեղեկություն ստանալու նրանց հետ կատարվածի մասին։ Մենք երկխոսում ենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ՝ լուծումներ գտնելու համար։ Իհարկե, կա վերադարձի իրավունք, կա գույքը հարգելու և պաշտպանելու իրավունք: Իսկապես կարևոր է, որ խաղաղության գործընթացը շարունակական լինի»,- նշել է Տյուրկը։