Նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին:
«Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում շնորհիվ նաև Ձեր անձնական ներդրման՝ հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել: Դուք մեր երկու երկրների համար մեծ նշանակություն ունեցող գործ արեցիք»,- ողջունելով հյուրին՝ նշել է նախագահը:
Իր խոսքում Հանրապետության նախագահը նաև շատ բարձր է գնահատել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ և արդյունավետ աշխատանքը ինչպես նախագահների պաշտոնական այցերի նախապատրաստման և իրականացման, այնպես էլ Իրաք-Հայաստան բազմաշերտ գործընկերության զարգացմանը նոր թափ հաղորդելու գործում: