ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:
Հունիսի 25-ի նիստում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:
«Մեծարգո՛ նախագահ,
Հարգելի՛ գործընկերներ և հարգելի՛ զեկուցողներ,
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ե՛ւ շատ հետաքրքիր զեկույցների, ե՛ւ կարևոր ուղերձների համար: Համաձայն եմ, որ անդամ երկրներում մենք կանգնած ենք ժողովրդավարության հետընթացի հետ, և դա, իսկապես, մտահոգիչ է: Ավելին, ես համաձայն եմ, որ մեզ անհրաժեշտ են ավելի ներառական մեթոդներ, որպեսզի հաղթահարենք երիտասարդների շրջանում ցածր ակտիվությունը:
Լինելով Հայաստանի երբեմնի ամենաերիտասարդ կին պատգամավորը՝ ես հասկանում եմ երիտասարդներին քաղաքական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու հնարավորություն տալու կարևորությունը՝ միաժամանակ պաշտպանելով նրանց տարիքային խտրականություններից: Շատ կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երիտասարդ, քաղաքականապես ակտիվ կանանց և տղամարդկանց օգտագործել իրենց ամբողջ ներուժը:
Համաձայն IPU-ի՝ 2021 թվականի զեկույցի, թեև աշխարհի բնակչության 49 տոկոսը մինչև 30 տարեկան է, այս տարիքային խմբին է պատկանում աշխարհի պատգամավորների միայն 2,6 տոկոսը: Սա նշանակում, որ բնակչության կեսն ունի ընդամենը 3 տոկոս ազդեցություն որոշումների կայացման գործընթացների, սեփական ապագայի և երկարաժամկետ քաղաքականության վրա:
Սա արտացոլված է նաև մեր վեհաժողովում, որը ներկայումս ներառում է 30 և ավելի տարեկան ընդամենը 17 անդամ, որոնք ներկայացնում են նրա կազմի ընդամենը 2,6 տոկոսը: Այս թիվը հասնում է 60 անդամի, եթե տարիքային շեմը սահմանվի 35:
Դուք կարող եք հարցնել, թե ինչու է դա այդպես: Պատճառները մի քանիսն են՝ օրենսդրական խոչընդոտները, նախապաշարմունքները, կարծրատիպերը և երիտասարդների շրջանում քաղաքական համակարգի ու ինստիտուտների նկատմամբ վստահության պակասը, ֆոնդերը: Շատ երիտասարդներ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է քաղաքականությունն ազդում իրենց առօրյա կյանքի վրա՝ սկսած սուրճի գնից մինչև առողջապահություն, եկամտահարկ, կլիմայի փոփոխություն և խորացող անհավասարություններ:
Որպես խումբ՝ մենք վճռականորեն պաշտպանում ենք երիտասարդական զեկուցող ունենալու գաղափարը: Լիագումար քննարկումների ժամանակ հանձնաժողովի երիտասարդական զեկուցողը պետք է իրավունք ունենա ելույթ ունենալ քաղաքական խմբերի ներկայացուցիչներից հետո:
Եզրափակելով՝ մենք պետք է այս փոփոխությունն ունենանք քաղաքական կուսակցություններում՝ որպես ինստիտուցիոնալացված քաղաքականության դարպաս: Մենք պետք է վերանայենք մեթոդները, և կարևոր է դա անել միասին»,- ասել է պատգամավորը: