Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գլխավոր տնօրեն, Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի մոսկովյան կենտրոնի (ՇԿՀԱ ՄԿ) կառավարիչների խորհրդի նախագահ Էդուարդ Մարտիրոսյանը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում մասնակցել է ՇԿՀԱ ՄԿ-ի տնօրենների համաժողովին: Այդ մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:
Համաժողովի շրջանակում ասոցիացիայի անդամ հանդիսացող ատոմային էլեկտրակայանների տնօրենները հանդես են եկել «Ընթացք դեպի կատարելություն» ոլորտային նախաձեռնության գործնական իրականացման վերաբերյալ զեկույցներով:
Իր համանուն զեկույցում Էդուարդ Մարտիրոսյանը մասնավորապես անդրադարձել է ՀԱԷԿ-ում անվտանգության ստանդարտների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ առանձնակի կարևորելով ՇԿՀԱ-ի կողմից մշակվող և կիրառվող առաջատար մեթոդները և գործելակերպը, որոնք ուղղված են ռիսկերի նվազեցմանը և սարքավորումների հուսալիության բարձրացմանը:
ՇԿՀԱ ՄԿ-ի տնօրենների համաժողովի օրակարգում ընդգրկված են եղել նաև «Նոր երկրներ և կազմակերպություններ, նոր տեխնոլոգիաներ», «Աշխատանքի նոր ձևաչափեր ՇԿՀԱ-ի և ՇԿՀԱ ՄԿ-ի հետ», «Արդյունաբերության առջև ծագած նոր մարտահրավերները ժամանակակից պայմաններում» թեմաներին վերաբերող հարցեր, որոնք ներկայացվել և համապարփակ քննարկման են արժանացել մասնակիցների կողմից։
Համաժողովը կարևոր նշանակություն է ունեցել ՇԿՀԱ-ի և ՇԿՀԱ ՄԿ-ի նոր մարտահրավերներին և ժամանակի պահանջներին հարմարվելու տեսանկյունից՝ ընդլայնելով գիտելիքների և փորձի փոխանակման հնարավորությունները: