Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ջիբրալթարում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնության 5000 մ վազք մրցաձևում:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Մկրտչյանը 1500 մ վազքում էլ ցույց է տվել երկրորդ արդյունքը՝ դառնալով արծաթե մեդալակիր:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գոռ Հովակիմյանը հեռացատկում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 7,59 մ արդյունքով:
Կանանց թիմի կազմում արծաթե մեդալակիր է դարձել Էլլադա Ալավերդյանը՝ հանդես գալով 800 մ վազքում:
Հեռացատկորդ Յանա Սարգսյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը (200 մ) և Միլենա Գրիգորյանը (400 մ) արժանացել են բրոնզե մեդալներին:
Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև փոխանցավազքում: 8 երկրների թիմերի պայքարում Հայաստանի կանանց թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում ընդգրկված են եղել Գայանե Չիլոյանը, Մարիաննա Բաղյանը, Լիլիթ Հարությունյանը և Միլենա Գրիգորյանը:
Հայաստանի աթլետիկայի հավաքականը հունիսի 6-ից ուսումնամարզական հավաք է անցկացրել Փարիզում: