Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել և ընդունվել են մի շարք որոշումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջանները կունենան նոր գործառույթներ. փողոցների փոսային նորոգումների, բակային տարածքների բարեկարգման ու թեքահարթակների կառուցման ծրագրերի պատասխանատվությունն այսուհետ վարչական շրջաններինն է: Աշխատանքները կկազմակերպվեն շինարարություն և բարեկարգում վարչության ներկայացրած չափորոշիչների հիման վրա:
Վարչական շրջաններում կանաչ գոտիների խնամքն ու բակային տարածքների սանմաքրումն ապահովելու համար կտրամադրվի մասնագիտացված անհրաժեշտ տեխնիկա:
Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ձեռնարկվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթաց: Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել նաև վարչական մյուս շրջաններում:
Երևանի 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս տարի նախատեսված է Վարդանանց, Խորենացու, Մյասնիկյան, Աճառյան, Թումանյան, Տիգրան Մեծի, Մելիք-Ադամյան, Արգիշտիի և Հանրապետություն փողոցներում ու պողոտաներում:
Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ։ Աշխատանքները մեկնարկել են:
Գետառի վրա կկառուցվի ջրերի մաքրման կայան: Սարքերի մատակարարումն ընթացքում է: