Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումից առաջ՝ հունիսի 23-ին, տեղի է ունեցել ոչ ֆորմալ հանդիպում։ Այդ մասին տեղեկացնում են Պետեկամուտների կոմիտեից:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, նաև որպես Ասիայի նախաձեռնության համանախագահ, Հայաստանի ազգային պատկերասրահում հյուրընկալել է Երևան ժամանած հյուրերին։
ՊԵԿ նախագահը, ողջունելով ներկաներին և նշանավորելով արդյունավետ ու ոգեշնչող հանդիպման սկիզբը, ևս մեկ անգամ վերահաստատել է միջոցառման կարևոր առաքելությունը՝ ամրապնդելու բոլորի հավաքական ջանքերը՝ ուղղված հարկային թափանցիկության և համագործակցության բարձրացմանը ամբողջ տարածաշրջանում։
«Մենք հավաքվել ենք Հայաստանի ազգային պատկերասրահում ևս մեկ անգամ ամրապնդելու մեր ջանքերն ուղղված հարկային թափանցիկության բարձրացմանը և Ասիայի տարածաշրջանում տեղեկատվության փոխանակմանը։ Ես համոզված եմ, որ առաջիկա երկու օրերի ընթացքում փոխանակած մտքերն ու պատկերացումները ճանապարհ կհարթեն հարկային թափանցիկության օրակարգի ամրապնդմանն Ասիայի տարածաշրջանում։ Մինչ մենք սկսենք մեր աշխատանքային օրակարգը, ես ուրախ եմ դիմավորել և ողջունել ձեզ Հայաստանի ազգային պատկերասրահում և հուսով եմ, որ դուք կգնահատեք ձեզ շրջապատող արվեստը։ Մեզ բոլորիս մաղթում եմ հաջողություն Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպմանն ընդառաջ»,- ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումն անցկացվում է Հայաստանում, հունիսի 24-25-ը, Երևանում։