ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայի մի քանի երկրում հանդես կգա համերգային ծրագրով՝ ներկայացնելով հայ դասական կոմպոզիտորների գործերը:
Հունիսի 25-ին Հայկ Մելիքյանը ելույթներով հանդես կգա Ուրուգվայում Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հեղինակավոր «Սոլիս» համերգասրահում։ Համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին, և հնչելու է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը. դիրիժոր՝ Ալվարո Հակոբյան, մենակատար՝ Հայկ Մելիքյան։ Համերգը նվիրվում է Արամ Խաչատրյանի հիշատակին։
Հունիսի 28-ին դաշնակահարն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի «Բեթհովեն» համերգասրահում կունենա մենահամերգ՝ «Հայկական գունապնակ» խորագրով: Համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը կներկայացնի հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների մեծակտավ և փոքրակտավ ստեղծագործություններից. կհնչեն Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Սարյան, Դելլալյան, Յոլչյան և այլք։
Համերգների նպատակն է ներկայացնել հայ դասական երաժշտությունը Մոնտեվիդեոյի և Բուենոս Այրեսի երաժշտասեր հասարակությանը, ինչպես նաև ամրապնդել հարավամերիկյան երկու երկրների հետ մշակութային կապերը:
Համերգների կազմակերպիչներն ու աջակիցներն են Մոնտեվիդեոյի քաղաքապետարանը, Ուրուգվահայ բազմամիութենական կազմակերպությունը, «Զուլամյան» ընկերությունը, ՀՀ դեսպանություններն Ուրուգվայում և Արգենտինայում, Արգենտինայի «Հայ կենտրոնը», Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդությունը: