Գնաճի և արտարժույթի նկատմամբ հայկական դրամի արժևորման պայմաններում կազմակերպված զբոսաշրջությունը Հայաստանում տարածաշրջանի այլ երկրների համեմատ դարձել է անմրցունակ:
Վիճակագրությունն էլ փաստում է, որ մեր երկրի զբոսաշրջության համար ռեկորդային 2023 թվականից հետո այս տարվա առաջին երեք ամսում արձանագրվել է 3,3 տոկոսի անկում:
Խնդրով մտահոգ էկոնոմիկայի նախարարությունը որպես լուծում հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Առաջարկվում է ներգնա զբոսաշրջային փաթեթներն ազատել ավելացված արժեքի հարկից: Զբոսաշրջային ընկերությունների պատասխանատուները հավաստիացնում են, որ եթե նախագիծն օրենքի տեսք ստանա, ապա իրենք կկարողանան առաջարկել շատ ավելի մատչելի և մրցունակ փաթեթներ: Նախաձեռնության հեղինակներն ակնկալում են, որ համախառն եկամուտը հարկային բարեփոխման շնորհիվ կհասնի տարեկան առնվազն 3 մլրդ դոլարի՝ պետբյուջե ապահովելով մոտ 600 մլն դոլարի եկամուտ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան