Հունիսի 21-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում անցկացվեց «Տավուշի մարզում սողանքի ակտիվացում» թեմայով գործնական պարապմունք:
«Ձևավորված խաղարկման խմբերում ներգրավված էին շահագրգիռ ստորաբաժանումներն ու անձնակազմը:
Միջոցառման նպատակն էր ստուգել սողանքի ակտիվացման դեպքում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ծրագրի շրջանակներում մշակված «Ճգնաժամային հաղորդակցման և աղետների կանխարգելման իրազեկման կարողությունների բարելավմանն» ուղղված Գործողությունների ստանդարտ ընթացակարգով սահմանված գործողությունների պլանի իրատեսականությունը, մասնակիցների հմտություններն ու ունակությունները: Գործնական պարապմունքի շրջանակում մշակվել էր սցենար, որի համաձայն Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հովք բնակավայրում տեղի է ունեցել սողանք:
Հողազանգվածն իր ամբողջ երկայնքով սահել էր Մ-4 միջպետական մայրուղու ուղղությամբ` աստիճանաբար լցվելով Աղստև գետի հունը: Գյուղում վնասվել էին բազմաթիվ առանձնատներ, շինություններ` իրենց տնտեսություններով, կենսապահովման ենթակառուցվածքներ, իսկ մի մասն ամբողջությամբ հայտնվել էր հողաշերտի տակ:
Վարժանքի սցենարով ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախա¬րարի տեղակալի հրամանով ձևավորվել և դեպքի վայր էր գործուղվել մասնագիտական խում¬բ՝ տեղում սո¬ղանքի գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Գործնական պարապմունքը սկսվեց ու ավարտվեց համաձայն սցենարի. 911 ահազանգման կենտրոնի և ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ծառայողները կազմակերպեցին ահազանգերի գրանցումը, տվյալների մշակումը և համակարգումը՝ ըստ սահմանված ձևաչափի։
Օպերատիվ հերթափոխերի բաժնի ծառայողները համակարգեցին մարզի կողմից տրամադրված առաջնային, ինչպես նաև հետևանքների, ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը: Տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի ծառայողների կողմից մշակվեց ստացված օպերատիվ տեղեկատվությունը, հրապարակվեց պաշտոնական հարթակներում և տրամադրվեց ԶԼՄ-ներին։
Խաղարկման ընթացքում իրականացվեց նաև մշտադիտարկում՝ ապատեղեկատվության կանխարգելման, կեղծ, խուճապ առաջացնող, ստահոդ լուրերի տարածման կանխման և ՓԾ գործառույթների պատշաճ լուսաբանման նպատակով, իսկ պաշտոնական տիրույթներում զետեղվեցին օգտակար նյութեր հնարավոր վտանգների և վարվելականոնների վերաբերյալ: Մոնիտորինգի և կանխատեսման բաժնի ծառայողներն ապահովեցին իրավիճակն արտապատկերող թեմատիկ քարտեզները, առանձին ներկայացրեցին սողանքի գտնվելու հնարավոր տարածքը, սահքի ենթակա հողազանգվածը և տարածման դեպքում զբաղեցրած մակերեսը։
Գործնական պարապմունքի ավարտից հետո անցկացվեց արդյունքների ամփոփում։
Անդրադարձ կատարվեց աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ու հսկողությանը՝ նշվեցին դրական կողմերն ու առկա բացթողումները, տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- գործնական պարապմունքից մանրամասներ է ներկայացվել տեղեկատվության մեջ: