Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 21-ին բացման խոսքով է հանդես եկել «Մարդու իրավունքները զինված ուժերում» ՀԵԼՓ դասընթացի հայկական տարբերակի մեկնարկի միջոցառմանը։
Պաշտպանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում շարունակում են իրականացվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր մի շարք ծրագրեր։
«Շատ եմ կարևորում, որ այս թեմայով դասընթացը մեկնարկել է հենց ՀԵԼՓ հեռավար հարթակում։ Այն մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացներ առաջարկող լավագույն հարթակներից է և ուրախալի է, որ հիշյալ թեմայով դասընթացըն այժմ հասանելի է հայերենով։ Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի ամենօրյա գաղափար, նպատակակետ, և բոլորս պետք է համախմբված լինենք այս գաղափարի շուրջ։ Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ զինված ուժերը պետք է կառուցված լինեն իրավունքահեն գաղափարների վրա։ Մենք բոլորս պետք է մեր ուժերը կենտրոնացնենք հենց այս գաղափարի շուրջ»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Այս համատեքստում Պաշտպանը շեշտել է կրթության կարևորությունը, քանի որ ոլորտում առկա շատ խնդիրներ հենց այդ համակարգում առկա թերությունների հետևանք են։
Բացման խոսքով հանդես են եկել նաև ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։
Ներկայացվել են ՀԵԼՓ դասընթացի վերջին զարգացումները, «Մարդու իրավունքները զինված ուժերում» ՀԵԼՓ դասընթացի հայկական տարբերակի մշակումը, տեղայնացումը և այլն։ Միջոցառման ընթացքում գրանցվել է վերապատրաստվողների առաջին 25 հոգանոց խումբը, ներառյալ՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջադրված 5 ներկայացուցիչ։
Դասընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում։