Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Կմիլինտե-Նելսենի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավարը։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Քննարկվել են երկու երկրների միջև գործընկերության հետագա խորացման, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
«Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը Լիտվա՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգավիճակում. մեզ միավորում են ինչպես ամուր կապերն ու բարեկամությունը, այնպես էլ ժողովրդավարական արժեքներն ու դրանց առաջմղման համար հաճախ առաջացող մարտահրավերները»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման արդյունքում գրանցված ձեռքբերումներին։ Նախարար Միրզոյանն իր երախտիքն է հայտնել այդ ճանապարհին, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանն ու դիմակայունության ամրապնդմանը ցուցաբերվող աջակցության համար։
Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
Արարատ Միրզոյանը և Լիտվայի Սեյմի նախագահն ու խորհրդարանականները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ՝ ինչպես ընթացիկ ծրագրերի հաջող կյանքի կոչման, այնպես էլ առկա գործիքակազմի կիրառման միջոցով նոր ուղղություններով էական առաջընթաց գրանցելու համատեքստում։ Կարևորելով մարդկանց միջև շփումների ընդլայնումը, հայ երիտասարդների ակտիվ ներգրավումը ԵՄ ծրագրերում՝ նախարար Միրզոյանը շեշտել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգային հարցերի՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականն ու դրա կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներկայիս պատկերն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները։