Հունիսի 21-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից։
Արփինե Սարգսյանը Կառավարության անունից գոհունակություն է հայտնել ԵԽ-ին՝ սերտ և արդյունավետ գործընկերության համար։ Նախագծային լուծումների և Եվրոպական դատարանի վճիռների շրջանակում՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է ԵԽ կողմից իրականացվող տարբեր ծրագրերի միջև օրգանական կապը՝ ընդգծելով, որ վճիռների կատարումը Հայաստանի Հանրապետության համար միջոց է մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիք ապահովելու համար։
Ծրագրի աջակցությամբ մշակված և արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված «Գվարդիայի մասին» օրենքի նախագիծը անցել է միջազգային փորձաքննություն ԵԽ կողմից ներգրավված բարձրակարգ միջազգային փորձագետի կողմից և ստացել դրական գնահատական։
Փորձագետը նշել է, որ օրենքի ընդունումը կհանգեցնի Ոստիկանության գործունեության էական բարելավման։ Հատկապես կարևորվել է նախագծով ապագա Գվարդիայի լիազորությունների հստակ շրջանակների սահմանումը և ուժի կիրառման իրավաչափության պայմանների և սկզբունքների նախատեսումը։
«Երբ մտովի հետ եմ գնում, կարծես թե երեկ էր, որ միասին պլանավորում էինք Ոստիկանության գվարդիայի ուղղությամբ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, բայց այսօր, կարելի է ասել, գետնի վրա քննարկում ենք արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը, ընդ որում՝ բացառիկ տրամաբանության մեջ է օրենքի նախագիծը մշակվել, որովհետև ԵԽ հետ սկսել ենք հայեցակարգային դրույթներից։ Հայեցակարգը քննարկվել է մեր քաղհասարակության սիրելի գործընկերների հետ, ԱԺ գործընկերների հետ և միասին հայեցակարգային լուծումներից գնացել ենք դեպի օրենսդրական կարգավորումներ»,-նշել է Արփինե Սարգսյանը:
Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում Արփինե Սարգսյանը կարևորել է օրենսդրական և գործառնական դաշտում հասցեագրված մարտահրավերների ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով Գվարդիայի ստեղծման հայեցակարգային լուծումների և «Գվարդիայի մասին» օրենքի շուրջ ձեռք բերված կոնսենսուսային մոտեցումները։
Օրենսդրական կարգավորումները պրակտիկայում ճիշտ կիրառելու տեսանկյունից Արփինե Սարգսյանը կարևորել է ծառայողների վերապատրաստումները, մասնավորապես՝ տեսական և գործնական գիտելիքների զուգակցումը, ինչը թույլ կտա ի սկզբանե ձևավորել ճիշտ պրակտիկա։ Նա վստահություն է հայտնել, որ ԵԽ հետ համատեղ սերտ համագործակցության պայմաններում արդյունավետ շարունակական քայլերը թույլ կտան որակական նոր մակարդակ ապահովել։
Ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակատվածում իրականացված աշխատանքներն ու արդյունքները, ինչպես նաև առաջիկա վեց ամիսների աշխատանքային ծրագիրը։ Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը։ Իր ելույթում նա անդրադարձել է ՄԻԵԴ-ի վճիռների արդյունավետ կատարման պարտավորություններին, ինչպես նաև դրանց նպաստող օրենսդրական փոփոխություններին ուղղված աջակցությանը։ ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանն իր խոսքում անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում արձանագրված ձեռքբերումներին։
Նիստին մասնակցում էին Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, նախարարությունների և շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ։
Նիստի մասնակիցները ծավալել են ակտիվ քննարկում։ Պլանավորվել է Ծրագրի երկրորդ փուլը։ ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակել Ներքին գործերի նախարարության հետ արդյունավետ գործընկերությունը։