Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի համակարգող խորհրդի նիստին:
Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, ելույթում Լևոն Բալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ արդարադատության նախարարության հետ արդյունավետ համագործակցության և ծրագրի շրջանակներում հարկադիր կատարման համակարգի հիմնարար բարեփոխումներին աջակցելու համար: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի ընդունումը հիմնաքարային նշանակություն է ունենալու հարկադիր կատարման համակարգի հետագա բարեփոխումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացված՝ դատական ակտերի կատարման փուլին առնչվող վճիռների ամբողջական կատարումն ապահովելու տեսանկյունից:
Լևոն Բալյանը նշել է նաև, որ մինչև նոր օրենքի կիրարկումն ապահովելը, դեռևս մեծ աշխատանք կա կատարելու՝ հարկադիր կատարողների, դատավորների վերապատրաստումների իրականացման, նոր օրենքի վերաբերյալ ուղեցույցների մշակման ուղղությամբ:
Ծրագրի համակարգող խորհրդի նիստին մասնակցել են նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը և արդարադատության նախարարի խորհրդական Էլինա Գեղամյանը: