Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանն աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում՝ լողափնյա հանգստի շրջանի մեկնարկի համատեքստում ամփոփելու իրականացված նախապատրաստական աշխատանքները: Այդ մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Այցի շրջանակում դիտարկվել են Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատվածում տեղակայված N1 և N3, Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատվածում գտնվող N2, Շողակաթ համայնքի, Դրախտիկ բնակավայրի վարչական սահմաններում ընկած ափամերձ հատվածում գտնվող N4 և Սևան համայնքի, Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում գտնվող N5 հանրային լողափերը։
Նախարարի տեղակալը ծանոթացել է հանրային սպասարկման ծառայությունների մատուցման և քաղաքացինելրի ջրափնյա հանգստի կազմակերպման անվտանգության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քննարկել առկա խնդիրները, ժամկետները և տվել մի շարք հանձնարարականներ։
Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ լողափնյա սեզոնին հանրային լողափերի ծառայություններից օգտվում են մեծ թվով ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ։
Ուստի նախարարի տեղակալն ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանին և աշխատակիցներին ևս մեկ անգամ հորդորել է առավել հետևողական լինել, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում և բարձր որակի։
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն առանձնահատուկ շեշտել է, որպեսզի քաղաքացիները պատշաճ իրազեկված լինեն լողափերում մատուցվող անվճար և վճարովի ծառայությունների վերաբերյալ։
-
հանրային լողափեր քաղաքացիների մուտքն անվճար է, որտեղ գործում են անվճար հանդերձարաններ, հովհանոցներ, ցնցուղարաններ, խաղահրապարակներ.
-
հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում են բուժկետեր և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը.
-
լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
Ամփոփելով այցը՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Սևանա լիճը առափնյա հանգստի կազմակերպման պայմաններով և առաջարկվող ծառայությունների որակով պետք է դառնա տարածաշրջանում գրավչություն ունեցող և միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահեք մեր շրջակա միջավայրը, մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը»,- նշված է գրառման մեջ։