ՀԱՊԿ-ը պահպանում է բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, երկիրը մնում է կազմակերպության անդամ՝ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ինչ վերաբերում է կազմակերպությանն անդամակցությանը, դա այդ երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է նա կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման շրջանակում։ Տասմագամբետովը նաև հույս է հայտնել, որ Երևանը «կպարզաբանի իրավիճակը» իր անդամակցության վերաբերյալ և որոշում կկայացնի՝ մնալ դաշինքի կազմում, թե ոչ:
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կազմակերպության կազմից Հայաստանի դուրս գալու հարցեր չեն քննարկվել. Երևանից համապատասխան հարցում չի ստացվել՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խորհրդի նիստից հետո։ Պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր հետևանքների մասին լրագրողի հարցին՝ Լավրովը նշել է. «Գուշակելը դիվանագիտական ավանդույթ չէ։ Այո, այսօր Հայաստանի նախարարը ներկա չի եղել նիստին, բայց Հայաստանից որևէ փաստաթուղթ, որևէ պաշտոնական քայլ չի եղել, որն անհրաժեշտ կդարձներ քննարկել տեղի ունեցածի հետևանքները»:
Մանրամասները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: