Գտնվելով Արաբական և Եվրասիական տեկտոնական սալերի բախման գոտում՝ Հայաստանում ցանկացած պահի կարող է երկրաշարժ տեղի ունենալ։ Հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը՝ 1991 թվականին ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը: 2015 թվականին վերագործարկվեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը: Այսօր արդեն դիտացանցը բաղկացած է 48 դիտակայաններից, որոնցում տեղադրված են 122 չափիչ սարքեր և սարքավորումներ, որոնց նպատակն է կանխատեսել և նվազեցնել սեյսմիկ ռիսկը։
«Կենտրոնի հիմնական խնդիրը հանրապետությունում սեյսմիկ ռիսկի նվազեցումն է, որն իր մեջ ներառում է մի շարք գործառույթներ, որոնցից են մոնիթորինգը, բնակչության հետ տարվող աշխատանքները, այսինքն՝ երկրաշարժերի վարքականոնների ուսուցում, տարհանում, վարժանքներ և այլն: Այսօր ունենք բարձր սեյսմիկ խոցելիություն: Վերլուծելով շենքերի տիպերը, դրանց արձագանքը ուժեղ երկրաշարժի ժամանակ՝ տրվում են սեյսմիկ ռիսկի գնահատականներ և առաջարկվում են լուծումներ»,- ասում է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։
Կենտրոնը կարևորում է բնակչութան հետ մշտական աշխատանքը: Հատկապես կարևորվում են մանկապարտեզների և դպրոցահասակ սաների հետ տարբեր ձևաչափերով իրականացվող աշխատանքները։
«Ուսումնական բաժնի հիմնական գործառույթը բնակչության տարբեր տարիքային խմբերի՝ սկսած մանկապարտեզային տարիքից, սեյսմապաշտպանության թեմայով իրազեկման տեսական և գործնական դասընթացներն են: Ուսուցումը իրականացվում է մեթոդական բաժնի կողմից մշակված մեթոդաբանությամբ։ Ունենք մեր մասնագետների կողմից մշակված գրքույկներ, ուղեցույցներ, խաղեր»,- ասում է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության ուսումնական բաժնի պետ Սյուզաննա Կակոյանը:
Երկրաշարժեր մեր տարածաշրջանում տեղի են ունենում գրեթե ամեն օր, երբեմն օրական մի քանի անգամ։ Կենտրոնի գերճշգրիտ սարքերը գրանցում են նույնիսկ չնչին ցնցումները, բացի այդ, կատարվում է քարտեզագրում, որն օգնում է Հայաստանը բաժանել ռիսկային գոտիների և կանխատեսել մոտավոր հետևանքներն ու վնասները: Սեյսմիկ ռիսկի բաժնի աշխատակից Լիաննա Մկրտչյանի խոսքով՝ կատարվում է համայնքների համար սեյսմիկ ռիսկի հաշվարկ, այսինքն՝ տարածքում սպասվող ամենաուժեղ երկրաշարժի դեպքում ինչ վնաս կլինի տվյալ տարածքում։
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը» համագործակցում է ոլորտի գրեթե բոլոր առաջատար միջազգային կառույցների հետ, կնքվել են մի շարք միջազգային համաձայնագրեր:
Դիտարանի թունելում ամբողջ տարվա ընթացքում ջերմաստիճանը գրեթե հաստատուն է (+140C), իսկ սեյսմիկ և այլ խոտորումների մակարդակը շատ ցածր է: Թունելի ընդհանուր երկարությունը 375 մետր է, այն ունի P-աձև կառուցվածք։ Թունելում են գտնվում միջազգային համագործակցության շնորհիվ ստացված մի շարք կարևոր սարքավորումներ։ Թունելում է գտնվում նաև հայ-ամերիկյան համագործակցության արդյունքում ձեռք բերված տարածաշրջանում եզակի կայանը։ Այն գերժամանակակից կայան է, որը պարբերաբար թարմացվում է: Տվյալները փոխանցվում են ինչպես ամերիկյան երկրաբանական ծառայություն, այնպես էլ Վիեննա, որտեղ տեղակայված է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի գլխամասը։
Կենտրոնի տարածքում գործում է նաև սեյսմաերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիա, որտեղ մշտապես իրականացվում են հանքայնացված ջրերի անալիզներ: Անալիզների արդյունքում կարող են պարզվել որոշակի միկրոտարրեր, որոնք էլ կարող են համարվել երկրաշարժերի կանխանշան։
Երկրաշարժերի մասին անմիջապես իմանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել Last Quake հավելվածից, որը հասանելի է նաև հայերեն տարբերակով։ Հնարավոր երկրաշարժի ժամանակ հիմնական վարքականոնների պահպանումը կօգնի փրկել կյանքեր: