Իշխող մեծամասնությունը տևական ժամանակ քննարկում է Եվրամիությանն անդամակցության ուղիներն ու գործիքակազմերը: Հայտարարել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Նա ուշադրություն է հրավիրել փաստին, որ վերջին շաբաթների ընթացքում չափազանց ակտիվացել են շփումները Եվրամիության և ԱՄՆ գործընկերների հետ:
«Այդպիսի հարց չկա դրված՝ լա՞վ է լինել ԵՄ անդամ, թե՞ լավ չէ: Այդ հարցի պատասխանը պարզ է. փոքր պետությունների համար լավ է լինել ԵՄ անդամ. դա պարզ բան է: Մեծ գիտություն չկա այդտեղ, որովհետև փոքր պետությունները, համեմատաբար քիչ տալով, համեմատաբար շատ ստանում են այդ կառույցից: Այդ մեծ պետություններն են, որ հաճախ իրենց նման հարցեր տալիս են:
Հիմա էլ տեսնում եք, կան եվրոպական խոշոր, մեծ տնտեսությամբ պետություններում նման քաղաքական հոսանքներ, որոնք նման հարցեր են տալիս, ասում են՝ իսկ արժի՞ արդյոք տալ այդքան և ստանալ այնքան, ինչքան ստանում եք: Փոքր պետություններում նման հարց չկա, չեք տեսնի մի փոքր պետություն, նկատի ունեմ տնտեսության ծավալով, ինչո՞ւ չէ՝ դեմոգրաֆիայով, բնակչությամբ, տնտեսական ներդրմամբ, որ նման հարց տա, որովհետև փաստը ցույց է տվել, որ իրենք թռիչքաձև աճ են արձանագրել»,- ասաց նա: