«Հանրապետություն» կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում ողջ գործիքակազմով աջակցել Հայաստանի գործող իշխանություններին՝ դեպի Եվրոպա գնալու գործընթացում: Այդ մասին «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Արդեն երկրորդ անգամ նման ձևաչափով քննարկում անցկացնելը Սարգսյանը համարում է փաստ, որ իշխանությունների համար այս օրակարգը քննարկման թեմա է, և դա դրական է բնորոշել:
«2020 թվականից հետո ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր գործընթացները կապ չեն ունեցել ո՛չ ԼՂ-ի, ո՛չ Տավուշի սահմանազատման, ո՛չ «լաոյի» արթնանալու հետ: Բացարձա՛կ: Այդ խնդիրները մեկ հիմնական հարց են ունեցել, այդ հարցը աշխարհաքաղաքական է, այդ հարցը քաղաքակրթական է. ի՞նչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը 2018 թվականի հեղափոխությունից հետո: Գնալու է դեպի քաղաքակիրթ աշխա՞րհ, դեպի Եվրոպա՞, թե՞ մնալու այն տեղում, որտեղ ստորագրված պայմանագրեր ու հանձնառություններ ունի»,- ասել է նա: