Կառավարությունն ընդունել է որոշում, որով ակնկալվում է սահմանել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների՝ հրապարակային սակարկություններով օտարման առանձնահատկությունները:
Որոշմամբ առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգում լրացնել դրույթներ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների օտարման վերաբերյալ: Նախատեսվում է նաև սահմանել՝ պետության սեփականությունը դարձած նվերների գնահատման դեպքում Պետական գույքի կառավարման կոմիտե են ներկայացվում նվերների ռեեստրում գրանցված տեղեկությունները, դրանց հանձնման վերաբերյալ կազմված փաստաթղթերը, ինչպես նաև՝ առկայության դեպքում՝ դրանց տեխնիկական բնութագրերը կամ այլ վերաբերելի փաստաթղթերը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների վաճառքն իրականացվում է աճուրդով վաճառքի եղանակով:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կսահմանվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման առանձնահատկությունները՝ այսպիսով ամբողջացնելով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների, օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա ճակատագիրը որոշելու վերաբերյալ կարգավորումները, ինչպես նաև ապահովել համապատասխան օրենսդրական կարգավորումների` գործնականում ամբողջական և պատշաճ իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերը։