Լիբանանյան «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան Իսրայելին, ինչպես նաև Կիպրոսին և Միջերկրական ծովի այլ շրջաններին սպառնացել է «առանց կանոնների պատերազմով»՝ Իսրայելի լայնածավալ հարձակման դեպքում։ Նրա խոսքով՝ Կիպրոսը կարող է թիրախ դառնալ, եթե թույլ տա Իսրայելին օգտագործել իր տարածքը Լիբանանի վրա հարձակման նպատակով՝ գրում է Reuters-ը։
Հասան Նասրալլան զգուշացրել է. «Այդ դեպքում Կիպրոսը կդառնա պատերազմի մաս: Իսկ այս պահին «Հեզբոլլահի» զինյալներն օգտագործել են զինանոցի միայն մի մասը, և նրանք ունեն նոր տեսակի զենքեր ավելի լուրջ մարտերի համար»։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը հաստատել էր Լիբանանում հնարավոր հարձակման ծրագրերը։
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գերատեսչության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել լիբանանցի գործընկերոջ հետ»։ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսն էլ հայտարարել է, որ իր երկիրը «որևէ կերպ չի մասնակցում ռազմական գործողություններին և խնդրի մաս չի կազմում»:
Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ ԵՄ-ն միշտ կաջակցի Կիպրոսի Հանրապետությանը։