ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Գերմանիայի զարգացման համագործակցության հայաստանյան գրասենյակի քաղաքականության ավագ պատասխանատու, Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (HoD) ներկայացուցիչ Անժելիկա Սուելզենի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկեի բանկի (KFW) ներկայացուցիչներ։
Հակոբ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկայացուցչական կազմով գալու համար և հաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ երկուստեք հետաքրքրության հարցերի շուրջ համագործակցությունը խորացնելու հարցում։
Հանդիպման ընթացքում ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է էներգետիկայի ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները՝ շեշտելով բալանսավորված քաղաքականություն վարելու, հարևան պետությունների հետ համագործակցելու անհրաժեշտությունը։
Վարդանյանը խոսել է նաև արևային էներգետիկայի զարգացման կարևորության մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ արևային կայանների չափաբաժինը Հայաստանի էներգետիկ համակարգում ավելանում է։
Պատվիրակության ղեկավար Անժելիկա Սուելզենը նշել է, որ էներգետիկան Գերմանիայի համար մեծ կարևորություն ունեցող ոլորտ է և իրենք ուրախ են այս հարցում Հայաստանին աջակցելու համար։
Հյուրերը կարևորել են ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում ոլորտային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։