ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հունիսի 19-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը: Այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում»,- նշել է Հակոբ Արշակյանը:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման և սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի: Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարևոր գործոն է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման համար: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կծառայի ոչ միայն մեր տարածաշրջանին, այլ նաև հյուսիսը հարավին և արևելքն արևմուտքին կապող միջազգային լոգիստիկ ծրագրերին»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:
ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանը, անդրադառնալով մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատման անհրաժեշտությանը, նշել է, որ Չինաստանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, աջակցում խնդիրների խաղաղ կարգավորման գործընթացին:
Հանդիպմանը քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված խնդիրները: Մեծապես կարևորվել են տրանսպորտային հաղորդակցության ոլորտում չինական Չինաստան-Հայաստան ուղիղ ավիաչվերթների գործարկումը (ինչը կարևոր է զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության խորացման տեսանկյունից), ինչպես նաև ուղևորների և բեռների միջազգային տրանսպորտային փոխադրումները:
Ընդգծվել են հայկական արտադրանքների՝ Չինաստանում ներկայացվածության խրախուսման մեխանիզմները, Չինաստանում անցկացվող ցուցահանդեսներին հայ տնտեսավարողների մասնակցությունը և ապրանքների առկայությունը:
Հանդիպմանը կարևորվել է Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը: