2024 թ․ հունիսի 19-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն
Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Մաքսատ Կալիակպարովի հետ, որի ընթացքում քննարկվել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
«Տնտեսական համագործակցության հայ-ղազախստանյան միջկառավարական հանձնաժողովի՝ 2024 թ․ ապրիլի 2-ին կայացած 10-րդ նիստի որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության 2024-2025 թթ․ ճանապարհային քարտեզի համապատասխան դրույթների իրագործման համատեքստում դիտարկվել է նոր փոխշահավետ տրանսպորտային, այդ թվում՝ մուլտիմոդալ երթուղիների վերհանմանը միտված քայլերի և միջոցառումների հերթականությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ղազախստանի տրանսպորտային-լոգիստիկ կապակցվածության ազատականացման, ինչպես նաև երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության ապահովման հարցերին։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրվող երկկողմ հանդիպումների, ինչպես նաև առաջիկա բազմակողմ համաժողովների շրջանակներում շփումների ժամանակացույցին»,- ասված է Ղազախստանում ՀՀ դեսպանության տարածած գրառման մեջ։