Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ՝ հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
ՀՀ դեսպանը խորհրդարանականներին ներկայացրել է ՀՀ անվտանգային միջավայրը՝ անդրադառնալով, մասնավորապես. Ադրբեջանի հետ սահմանազատման, ինչպես նաև խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացներին, ներկայացրել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի խորացնելու երկկողմ ջանքերը և Կիպրոսի շարունակական աջակցությունն այս հարցում:
ՀՀ դեսպանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունն այդ ուղղությամբ աշխատանքների համատեքստում և շնորհակալություն է հայտնել պատգամավորներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:
Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։