Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է «Այլընտրանքային խափանման միջոցները» թեմայով աշխատաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Աշխատաժողովին քննարկվել են տնային կալանքի և վարչական հսկողության վերաբերյալ պրոբացիայի ծառայողների համար պատրաստված ուղեցույցները, իրավական ոլորտի մասնագետների համար մշակված գործնական ուղեցույցը, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ընթացքում ծագած օրենսդրական և գործնական խնդիրները։
Բացման խոսքում Լևոն Բալյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ ցուցաբերած աջակցության համար: Միևնույն ժամանակ նախարարի տեղակալը կարևորել է աշխատաժողովի ընթացքում համագործակցության միջավայրի ստեղծումը՝ ծառացած մարտահրավերների համար արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև կալանքի այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ եվրոպական երկների լավագույն փորձը, ինչպես նաև ազգային փորձագետների կողմից ներկայացվել են ներպետական մակարդակում այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ առաջարկվող լուծումները:
Միջոցառումը կազմակերվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի համատեղ ջանքերով, որոնք իրականացվում են Հայաստանի համար՝ 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում։