ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի» շրջանակում սեյսմակայուն դպրոցաշինության հեռանկարները:
Ողջունելով հյուրերին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության կարևոր գործընկերներից է, որի հետ տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր՝ Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակում:
Նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից դպրոցաշինության ոլորտում սահմանված հավակնոտ թիրախներին, մասնավորապես՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման ուղղությամբ, և այս համատեքստում կարևորել ԱԶԲ-ի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը», որը կարևոր աջակցություն է հանրակրթության համակարգի համար:
«Ակնկալում ենք, որ մեր դպրոցները կունենան այնպիսի միջավայր ու ենթակառուցվածքներ, որոնք ոչ միայն կապահովեն բարենպաստ և ժամանակակից ուսումնական պայմաններ՝ արդյունավետ ուսումնական գործընթաց կազմակերպելու տեսանկյունից, այլև կապահովեն անվտանգային բարձր չափանիշներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աջակցությունը: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ԱԶԲ-ի «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը» համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրին, որի առաջնահերթ ուղղություններից է դպրոցաշինությունը:
Ծրագրի շրջանակում մինչ այժմ ավարտվել են 16 դպրոցի կառուցման աշխատանքները: Ներկայում ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ, 10 դպրոց գտնվում է նախագծային աշխատանքների իրականացման տարբեր փուլերում:
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև էկո համակարգի և կլիմայի փոփոխության կրթությունը, որն իրականացվում է նաև հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում:
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: