Ամփոփվել են «Տնտեսական կառավարում, բիզնես միջավայրի և ձեռնարկության արդյունավետություն» ծրագրի արդյունքները։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Համաշխարհային բանկը նախօրեին համատեղ աշխատաժողով էին կազմակերպել՝ ամփոփելու ՀԲ աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Տնտեսական կառավարում, բիզնես միջավայրի և ձեռնարկության արդյունավետություն» ծրագրի արդյունքները, որը նպատակաուղղված էր պետական օժանդակությունների և պետական մարմինների հակամրցակցային գործողությունների կարգավորմանը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀԲ-ի, ԵՄ պատվիրակության, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD), ՏՀԶԿ-ի (OECD), Հայաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Իսպանիայի մրցակցային մարմինների, ՀՀ պետական մարմինների, հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը միջոցառման բացմանը նշել է, որ 2020 թվականին հանձնաժողովը պետական օժանդակությունների կարգավորման նոր փուլ հաղթահարեց, իսկ 2019 թվականից սկսած առաջին անգամ սկսեց հետևել պետական մարմինների գործողություններին: Արդյունքում՝ այսօր արդեն իսկ առկա է 19 ավարտված վարույթ` ընդդեմ պետական մարմինների:
«Սա կարևոր ազդակ է բիզնեսին, որ հանձնաժողովը՝ որպես ինքնավար մարմին, պաշտպանում է բիզնեսին նաև պետությունից՝ միջամտելով այն դեպքերում, երբ օժանդակությունների տրամադրումը կամ որևէ այլ որոշում կամ գործողություն կարող է շուկայում ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ»,- նշել է ՄՊՀ նախագահը:
Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը շեշտել է պետական մարմինների հետ ձևավորված արդյունավետ երկխոսությունն ու գործընկերային հարաբերությունները՝ հավելելով, որ մշտապես պետական մարմիններն արագ արձագանքել են և պատրաստակամություն հայտնել շտկելու բացահայտված խնդիրներն ու թերությունները:
«Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները դեռևս արձանագրում են աճի խոչընդոտներ՝ կապված ֆինանսների, մրցակցության և մարդկային կապիտալի հետ: Ինչ վերաբերում է արտահանման շուկաներում Հայաստանի մրցունակության բարձրացմանը՝ ընկերությունները պահանջում են բարձրորակ և մատչելի միջոցների հասանելիություն»,- իր խոսքում նշել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը ընդգծել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ շրջանակում hամագործակցությունը` ուղղված շուկաներում մրցակցային իրավիճակի բարելավմանը: