Հունիսի 18-ին տեղի է ունեցել Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի առաջին համակարգող հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Մասնակցում էին նաև ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, նախարարությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի կարևորությունը. այն թույլ կտա շահագրգիռ կողմերի հետ ակտիվ քննարկումների շնորհիվ կոորդինացնել միգրացիոն քաղաքականության մշակման գործընթացը։
Անդրադառնալով դեռևս 2021 թվականին Կառավարության կողմից ընդունված Միգրացիոն քաղաքականության մշակման հայեցակարգին՝ Արմեն Ղազարյանը նշել է հարթակի օգնությամբ թիրախային ուղղություններով իրականացվող աշխատանքների շուրջ կառուցողական երկխոսություն ծավալելու անհրաժեշտությունը։
Արմեն Մկրտչյանն անդրադարձել է ՆԳ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ՝ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ձևավորման և միգրացիոն ոլորտում վարչության առջև դրված խնդիրներին։
Նա մատնանշել է աշխատանքային հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը՝ կարևորելով համատեղ քննարկումների ընթացքում փորձագիտական ներուժի մեկտեղման, տեղեկատվության փոխանակման և մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները։
Վարդուհի Դադունցը կարևորել է միգրացիոն քաղաքականության մշակման աշխատանքներում շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ երկխոսության հարթակը կնպաստի արդյունավետ քաղաքականության և ծրագրերի իրականացման աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Միգրացիոն քաղաքականության պլատֆորմի նպատակն ու խնդիրները։ Ներկայացվել են նաև Միգրացիոն հոսքերի կառավարման, ինտեգրման և վերաինտեգրման, հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման քաղաքականության և Հայաստան-Սփյուռք համագործակցության 2023-2033 թթ. ռազմավարությունը։
Հանդիպման ավարտին մասնակիցները նախանշել են երկխոսության հարթակի առաջիկա քայլերը։
Նշենք, որ երկխոսության հարթակը բաց է ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի համար: Հարթակի աշխատանքներում ներգրավվել ցանկացողները կարող են դիմել Ներքին գործերի նախարարություն: