Մայիսի 29-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ Կոշ գյուղից բուժօգնության է տեղափոխվել դանակահարված մի երիտասարդ: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ էր մեկնել Կոշ:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ` առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:
Վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակի քրեական հետախույզները պարզեցին, որ մայիսի 29-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, Կոշից Ավան գյուղ տանող ճանապարհին ճանապարհը չզիջելու և ձայնային ազդանշան տալու հետ կապված վեճ է ծագել Կոշ գյուղի երկու բնակչի միջև, որոնցից մեկն էլ իր մոտ եղած դանակով մի քանի հարված է հասցրել 20-ամյա երիտասարդին:
Բացատրական աշխատանքի ադյունքում հունիսի 7-ին 22-ամյա դանակահարողը եկել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:`