Եվրախորհրդարանի ընտրություններից հետո Եվրամիության առաջնորդները քննարկումներ են սկսել, թե ով պետք է ստանձնի դաշինքի գլխավոր պաշտոնները առաջիկա հինգ տարվա ընթացքում:
ԵՄ 27 անդամների ներկայացուցիչները, մասնավորապես, քննարկել են Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի պաշտոնները:
Reuters-ը, վկայակոչելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքերը, գրում է, որ բանակցություններն ավարտվել են անարդյունք: Գործակալության տվյալով՝ ակնկալվում էր, որ ԵՄ անդամները կհաստատեն Եվրահանձնաժողովի գործող ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածությունը, և նա կվերընտրվի երկրորդ անգամ:
ԵՄ առանցքային պաշտոնների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ՝ Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովի շրջանակում: