Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը շարունակել է ծանոթանալ սուբվենցիոն և կապիտալ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացված և ընթացիկ աշխատանքներին:
Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են Տաթև - Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19,5 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրվել են պետական բյուջեից:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Սյունիքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքի մասին:
Հաջորդիվ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Շինուհայրում, որտեղ բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացին և ընդգծել անվտանգության երաշխավորման գործում լեգիտիմության կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանը Գորիսում այցելել է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի տուն-թանգարան, ծանոթացել այնտեղ առկա ցուցանմուշներին և տուն-թանգարանի գործունեությանը:
Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանակում վարչապետին ներկայացվել են նաև Գորիս – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 778 մլն դրամ է, որը տրամադրել է կառավարությունը:
Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Խնձորեսկում, որտեղ բնակիչների հետ հանդիպմանը ևս Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին և պատասխանել դրա, ինչպես նաև կրթության, գյուղատնտեսության հետ կապված տարբեր հարցերի:
Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Խնձորեսկում տեղակայված ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ ուղեկալում, ծանոթացել սպաների ընտանիքների համար ստեղծված բնակելի պայմաններին:
Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում վարչապետը ներկա է գտնվել պուրակի և խաղահրապարակի բացման արարողությանը: Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 39.9 մլն դրամ: Այստեղ վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել նաև հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
Վարչապետն Իշխանասար բնակավայրում այցելել է «ԱՆԴ» ընկերության ինտենսիվ այգի, օղու և քացախի արտադրության գործարան: Ընկերությունը ՀՀ կառավարության վարկերի սուբսիդավորման և լիզինգի աջակցության ծրագրերով ձեռք է բերել 204 մլն դրամի գյուղտեխնիկա և ագրոպարենային ոլորտի սարքավորումներ: Արդյունքում ստեղծվել է 7 հա ընդհանուր մակերեսով խնձորի ինտենսիվ այգի, իսկ սարքավորումները նպաստում են որակյալ արտադրությանը:
Սիսիանում Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Անտառային կոմիտեի տնկարանում, որտեղ ներկայացվել են առկա տնկիներն ու անտառների վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Հաջորդիվ՝ Շաքիի ջրվեժի հարակից տարածքում վարչապետը հանդիպում է ունեցել Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ, որոնք «Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական ծրագրի շրջանակում անցկացված «Հաւք» ԱԹՍ մրցույթում վերջին երկու տարիներին զբաղեցրել են մրցանակային տեղեր: Վարչապետը ծանոթացել է ԱԹՍ-ների ստեղծման ուղղությամբ աշակերտների ձեռքբերումներին, զրուցել նրանց հետ տարբեր թեմաների շուրջ և պատասխանել կրթության, երիտասարդների խնդիրներին վերաբերող հարցերի:
«Արմաթն օդում» ծրագիրն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է, որն իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միությունը: Աշխատանոցներում պատանիները ստանում են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնում են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։