ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ պետությունների դեսպանների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր՝ այդ թվում նաև հաշվի առնելով, որ նախորդ շաբաթ մեկնարկել են բանակցությունները Գործընկերության նոր օրակարգի շուրջ:
«Լիահույս ենք, որ համատեղ ինտենսիվ ջանքերով մենք կհաջողենք իրականացնել երկկողմ գործընկերության խորացմանը միտված նոր քայլեր՝ կառուցելով գրանցված հաջողության և համահունչ ԵՄ-ին ավելի մոտենալու ՀՀ քաղաքացիների ձգտումներին»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:
Անդրադարձ է կատարվել գործընկերության առաջնահերթություններին, դրանց հաջող կյանքի կոչման ուղղությամբ ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության ներքո իրականացված աշխատանքներին, ինչպես նաև տարվա երկրորդ կեսին սպասվող Հունգարիայի նախագահությունից այդ ուղղությամբ ակնկալիքներին:
Նախարար Միրզոյանը պատասխանել է զրուցակիցներին հետաքրքրող հարցերին՝ ներառյալ տարածաշրջանային թեմաների, խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ: