Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Շվեյցարիայի գագաթնաժողովը որևէ արդյունք չի տվել: Դմիտրի Պեսկովը նշել է՝ Մոսկվան շարունակելու է աշխատել այն երկրների հետ, որոնք բաց են կառուցողական գործակցության համար: «Մինչ այդ, Վլադիմիր Պուտինի հնչեցրած առաջարկներն ուժի մեջ են, նա պատրաստ է երկխոսել»,- հավելել է Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը ռազմական գործողությունների դադարեցման նոր պայմաններ էր առաջ քաշել՝ ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից: Նաև, Կրեմլի ղեկավարի խոսքով, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության մտադրությունից, հայտարարի չեզոք, ոչ միջուկային կարգավիճակ, ապառազմականացվի և ապազգայնականացվի, Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներն էլ պետք է վերացվեն, Ղրիմը և Սևաստոպոլը ճանաչվեն Ռուսաստանի մաս: Կիևը և նրա արևմտյան դաշնակիցներն անիրատեսական վերջնագիր են որակել Մոսկվայի պահանջները:
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն էլ նախազգուշացրել է՝ եթե Կիևը հրաժարվի կրակի դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի նոր առաջարկից, խաղաղության համաձայնագրի կնքման հաջորդ պայմաններն ավելի բարդ ու կոշտ կլինեն։
Մանրամասները՝ տեսանյութում: