Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիսի 13-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ավարտել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» խումբ գործերով, ի թիվս այլնի, արձանագրվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու առնչությամբ։
«Նախարարների կոմիտեն 2024 թվականի հունիս 13-ի բանաձևով արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականից ի վեր գրանցել է մի շարք զարգացումներ քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բժշկական օգնության պատշաճ կազմակերպման հետ կապված, այդ թվում՝ ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և այն արդարադատության նախարարության կազմից տեղափոխել առողջապահության նախարարության ենթակայությամբ, ընդունվել է Քրեակատարողական նոր օրենսգիրքը, բարեփոխվել է ոլորտի ենթաօրենսդրական դաշտը՝ կարգավորելով քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու հետ կապված տարբեր հարցեր, կազմակերպվել են շարունակական վերապատրաստումներ բժշկական անձնակազմի համար, բարելավվել են քրեակատարողական հիմնարկներում առաջնային բուժօգնության ապահովումը, կանոնավոր զննումները, ներդրվել է հեռաբժշկության ինստիտուտը, և ավելացել է քաղաքացիական բժշկական հաստատություններում բժշկական օգնություն ստացող կալանավորների թիվը։
Նախարարների կոմիտեն առանձնահատուկ կարևորել է նաև պետության կողմից ձեռնարկված բոլոր անհրաժեշտ ընդհանուր միջոցառումները ոստիկանության ձերբակալման վայրերում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։
Քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բժշկական օգնության պատշաճ կազմակերպման հետ կապված բարեփոխումները շարունակելու են լինել Նախարարների կոմիտեի ուշադրության կենտրոնում»,- ասված է հաղորդագրության մեջ։