Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ լսումներ անցկացնելու նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդավարական ուժերի հարթակի և քաղհասարակության կողմից:
Հունիսի 17-ին գումարված արտահերթ նիստին ներկա են եղել նաև առաջարկի հեղինակները, որոնք խոսել են նախաձեռնության վերաբերյալ իրենց ակնկալիքների ու հանրաքվեի անցկացման կարևորության մասին:
«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ որոշ սոցհարցումների համաձայն` ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ Հայաստանն ինտեգրվի ԵՄ-ին` որպես լիիրավ անդամ:
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի կարծիքով՝ հանրաքվեն Հայաստանի դիմակայունության և դիմադրողականության բարձրացման նպատակ է հետապնդում:
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և հանձնաժողովի անդամները ողջունել են խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությունը: Կարծիք է հնչել, որ հանրաքվեի արդյունքները կարող են ուղղորդող լինել հաջորդ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի համար: