Սաուդյան Արաբիայում Հաջի ուխտագնացության ժամանակ սաստիկ շոգի պատճառով Հորդանանի 14 քաղաքացի է մահացել, ևս 17-ը համարվում են անհետ կորած, հայտնում է Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը։ Ենթադրվում է, որ իսլամական աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկում զանգվածային ուխտագնացության ժամանակ զոհերի թիվը կարող է աճել։
Միաժամանակ Իրանի Կարմիր մահիկը հաստատել է հինգ իրանցի ուխտավորի մահը, սակայն չի հստակեցրել, թե ինչպես են նրանք մահացել։
Հաջը՝ կրոնական ծեսը, աշխարհի ամենամեծ զանգվածային հավաքներից մեկն է և պարտադիր է բոլոր մուսուլմանների համար:
Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների տվյալներով՝ այս տարի ուխտագնացությանը կմասնակցի ավելի քան 1,8 միլիոն մարդ:
Հաջի ժամանակ հաճախակի են լինում զանգվածային մահվան հետ կապված աղետալի դեպքերը, այդ թվում՝ հրմշտոցներն ու վրանային հրդեհները։ Բայց ամենից հաճախ հիմնական խնդիրը սաստիկ շոգն է։ 2023 թ. այդ արարողության ժամանակ զոհվել է մոտ 240 մարդ, սակայն, ամենասարսափելի աղետը համարվում է 2015 թ. մահացու հրմշտոցը, որի ժամանակ ավելի քան 2000 ուխտավոր է մահացել: