Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ փետրվարից շարունակվել է Երևանի ու Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի միջև համագործակցային ծրագրերը: Հիմնական ուղղությունները երեքն են՝ թափոնների կառավարում, երթևեկության կազմակերպում և ուրբանիզմ կամ քաղաքաշինական բլոկ: Արդեն երեք փորձագիտական խումբ է այցելել Երևան:
Նաև զեկուցվեց, որ կոնկրետ խնդիր է դրվել Իլ դը Ֆրանսի գործընկերների համար, որպեսզի թափոնների կառավարման ոլորտի հետ կապված ճանապարհային քարտեզ մշակվի:
Իլ դը Ֆրանսի գործընկերներն ուսումնասիրել են նաև Երևանի ճանապարհային ցանցը, մշակել են կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ամբողջական երթուղիների ներդրման մասով և ներկայացրել ռիսկերի հետ կապված վերլուծություն։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ համատեղ ծավալուն աշխատանք է արվել, և դրանց արդյունքները որոշ ուղղություններով այս տարվանից պետք է իրագործվեն` մասնավորապես ավտոբուսի առանձնացված գծերի հետ կապված:
«Ակնհայտ է, որ փոփոխություններն անխուսափելի են, որ նույնիսկ հավելյալ հանրային քննարկման կարիք չկա։ Այստեղ ճաշակի հարց չէ, այստեղ ռեֆորմի անհրաժեշտության հարց է, և մենք պետք է շարժվենք փուլային»,- ասաց Ավինյանը։
Ըստ քաղաքապետի՝ պետք է սկսել հիմնական երթուղիներից, որտեղ տրանսպորտային ամենամեծ ծանրաբեռնվածությունն է: Հաջորդիվ տեղի կունենա փողոցների առանձնացումը՝ բետոնային կամ եզրաքարային տրամաբանությամբ, ինչպես արված է Փարիզում։
«Այո՛, ավտոմեքենաների համար կյանքը բարդացնում ենք, բայց կյանքն ինքնըստինքյան է բարդանում՝ անկախ գործողություններից: Մենք հնարավորություն ենք ստեղծում ունենալ հանրային տրանսպորտ, որը թույլ է տալու ավելի էֆեկտիվ, ավելի արագ տեղաշարժվել քաղաքով, և նաև մեր մեծագույն խնդիրն է՝ դրա հետ մեկտեղ ավելացնել մեր շարժակազմերը, ինչն անում ենք այս տարի: Պետք է գնենք 171 նոր ավտոբուս, 15 նոր տրոլեյբուս, և, իհարկե, հաջորդիվ 18 մետրանոց ավտոբուսների գնումը նույնպես կարևոր է»,- ասաց նա և առաջարկեց ծրագիր ներկայացնել, թե գծանշումները որ փողոցներից են սկսվելու:
Ավինյանը նաև հիշեցրեց, որ ավտոբուսների համար առանձնացված գծերով երթևեկության փորձարկումը նախորդ տարի արվել է, այն արդյունավետ է եղել. «Հասարակական տրանսպորտով երթևեկողների համար կյանքն էականորեն հեշտանում է, շատերս պետք է սկսենք մտածել ավտոմեքենաներից հրաժարվելու մասին»: