Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ առաջարկել է ոստիկանության գործընկերների հետ քննարկել և ՏԻՄ օրենքում առաջարկել փոփոխություններ, որոնք կվերաբերեն ավտոմեքենաների հետ կապված պատահարներին, այն է՝ ավտովթարների դեպքում մեքենաները երթևեկելի մասից հեռացնելուն առնչվող փոփոխությանը։
Քաղաքապետը դժգոհեց, որ հաճախ վթարի վնասը մինչև 230 հազար դրամի է, բայց վթարի պատճառով առաջացած խցանումների պատճառով միլիոնավոր դրամների բենզին է վատնվում:
«Կարծում եմ, որ առավելագույն ժամկետը, որ այդ ավտոմեքենաները պետք է հեռացվեն, 15 րոպեն է: Հիմա պրակտիկան ոնց որ թե մի փոքր ավելի բարելավվել է, բայց ոնց որ թե ամրագրումն օրենքում մեզ պետք է լինելու: Նաև պետք է հասկանալ՝ դրան զուգահեռ որևէ այլ մեխանիզմ պե՞տք է ստեղծել, թե՞ չէ:
Կարծում եմ՝ հասկանալի են նաև ապահովագրական ընկերությունների խնդիրները, բայց ինձ թվում է, որ մենք միակ երկիրն ենք կամ միակ քաղաքն ենք աշխարհում, որ նման շռայլություն է թույլ տալիս, որ ռիսկերը ապահովագրական ընկերությունների համար բացառված են, և բոլորս պետք է սպասենք, որ մինչև վերջին դրամը հստակ իմանան՝ այո՛, 233.000 դրամի վնաս է եղել»,- ասաց քաղաքապետը:
Եզրափակելով խոսքը՝ Ավինյանը նշեց. «15 րոպեն առավելագույն ժամկետն է, որ մեքենաները պետք է դուրս գան ճանապարհի երթևեկելի հատվածից»։