Ռուսաստանի ԱԳՆ-ում ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին, նշել, թե Արևմուտքում, նրա ձևակերպմամբ, շահարկումներ կան, որ ռուսական ուժերը ծրագրել էին գրավել Կիևը:
«Մենք իրոք կանգնած էինք Կիևի մոտ, սակայն 3 միլիոնանոց քաղաքը գրոհելու քաղաքական որոշում չի եղել: Մեր նպատակն Ուկրաինային խաղաղություն պարտադրելն էր, Դոնբասի դեմ սանձազերձված պատերազմին և Ռուսաստանի սպառնացող վտանգներին վերջ տալն էր»,- նշել է Պուտինը:
Պուտինը նաև հավելել է, որ Ուկրաինան հնարավորություն ուներ պահպանել Խերսոնի և Զապորոժիեի շրջանների նկատմամբ ինքնիշխանությունը, եթե Ռուսաստանին դեպի Ղրիմ ցամաքային միջանցք տրամադրվեր:
«Այժմ այդ շրջաններում հանրաքվեներից հետո դրանց պատկանելության հարցն ընդմիշտ փակված է, այլևս քննարկման ենթակա չէ»,- շեշտել է Պուտինը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ թեկուզ վաղը:
«Մեր պայմանները պարզ են՝ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից, Կիևը պետք է պաշտոնապես հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության մտադրությունից»,- մանրամասնել է Պուտինը, հավելել՝ նույն պահին կդադարեցնեն կրակը: