Վաղվանից կընդունվեն ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասով դիմումները: Հայտերը կլրացվեն առցանց հարթակում, ֆիզիկապես ԱՍՀՆ այցելելու կարիք չի լինի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 14-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ սա այն հանձնարարականի կատարումն է, որ պետք է ներկայացվեր մինչև հունիսի 15-ը:
«Կարծում եմ՝ բավարար իրազեկվածություն ունեն քաղաքացիները, որովհետև սա ամենասպասված ծրագիրն է»,- ասաց նախարարի տեղակալը:
Վարչապետն ասաց, որ ՀՀ Կառավարությունը շարունակելու է աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին իրենց սոցիալական խնդիրները հասցեագրելու հարցում:
«Սրանով, ըստ էության, արձանագրում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մեկնարկում է, այսինքն՝ մտնում է գործնական փուլ: Որոշման շատ կարևոր և անբաժանելի մաս է, որ այս ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմեն այն անձինք, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն, այս ընթացքում դիմել են և ստացել են ՀՀ քաղաքացիություն»,- ասաց վարչապետը:
Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագրի իրականացման կարգը: Վաղվանից դիմումներ կընդունվեն բնակարան գնելու, հուլիսի 15-ից՝ կառուցապատելու համար: Օգոստոսի 1-ից էլ նախարարությունը կընդունի այն քաղաքացիների դիմումները, որոնք ունեն գործող հիփոթեք: Ծրագրի առաջին փուլում կընդգրկվեն 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահաս ունեցող ընտանիքները, տարբեր խոցելի խմբեր ունեցող ընտանիքները, գործող հիփոթեք ունեցողները կամ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և աջակցության առնվազն 50 տոկոս լրացուցիչ վարկ կստանա բանկից: Երկրորդ փուլում կընդգրկվեն 2 անչափահաս ունեցող, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահաս ունեցող ընտանիքներ: Երրորդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ծրագիրը երկարաժամկետ է, կարևոր է համարել պատշաճ իրազեկումը: