Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է ««Ազատություն» ռադիոկայանն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը:
Որոշման մեջ ասվում է, որ «Ազատություն» ռադիոկայանի azadliq.org, ինչպես նաև anaxeber.az, az24saat.org and xural.com կայքերի արգելափակումը իրավաչափ չէ: Այդ կայքերն արգելափակվել են Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ՝ «Տեղեկատվության, տեղեկատվայնացման և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա։
Հայցվորները վիճարկել են, որ օրենքում խոսքը առանձին տեղեկատվական նյութի արգելափակման իրավաչափության մասին է։ ՄԻԵԴ-ը համաձայնել է դրան և որոշել, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է յուրաքանչյուր հայցվորին վճարի 5-հազարական եվրո բարոյական վնասի համար, ինչպես նաև փոխհատուցի նրանց դատական ծախսերը:
«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը փակ է 2017 թվականից։ Ռադիոկայանն իր հաղորդումներն ադրբեջաներենով իրականացնում է Պրահայից, սակայն Ադրբեջանի տարածքում հեռարձակումն արգելված է: