Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ, արյուն են հանձնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, «Յոլյան» արյունաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը:
Ակցիային միացել են նաև տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ և օտարերկրացիներ:
Անահիտ Ավանեսյանը զրուցել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ և նշել, որ երկրի արյան պաշարները համալրելու կարիք միշտ կա, իսկ արյուն տալով` ոչ միայն կյանք ենք փրկում, այլև արյունատվությունը բարենպաստ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա:
«Մենք պետք է հետևենք զարգացած երկրների օրինակներին, որտեղ անվարձահատույց դոնորության ցուցանիշները շատ բարձր են` 80%-ից ավելի: Արյունատվության մշակույթը պետք է նոր մակարդակի հասցնենք, ինչին կնպաստի Արյան բանկի նոր շենքի կառուցումը` ժամանակակից լաբորատոր ու բժշկական սարքերով»,- նշել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր դոնորներին` ժամանակ հատկացնելու և մարդասիրական քայլ կատարելու համար: