Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։
Հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։
ՄԻՊ աշխատակազմը պարբերաբար տեղեկատվություն է ստանում վնասվածք ստացած անձանց, այդ թվում՝ Եսայի Քարամյանի առողջական վիճակի մասին:
Ոստիկանության կողմից հատուկ միջոցների (լուսաձայնային նռնակների) կիրառման իրավաչափության հարցը Պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնված քննարկման ընթացակարգի շրջանակում ուսումնասիրվում է ՄԻՊ աշխատակազմում։
Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ։