Ուրախալի լուր ունենք, երկաթուղու հետ կապված աշխատանքները բավականին լավ տեմպով են առաջ գնում, և, հնարավոր է` ավելի վաղ կարողանանք սկսել շահագործումը, քան մտածում էինք: Կառավարության՝ հունիսի 14-ի նիստին աղետի գոտում իրականացվող աշխատանքները ներկայացնելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ հնարավորություն կա, որ այն կբացվի առաջիկա օրերին, բայց կգործի որոշակի սահմանափակումներով:
Գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, ըստ Սանոսյանի, 98-99 տոկոսով վերականգնված են, որոշ տեղերում միայն տեխնիկական կամ անվտանգային նկատառումներով պայմանավորված է, որ միացված չէ, իսկ ոռոգման հետ կապված հիմնական խնդիրներն առաջիկայում կլուծվեն: Ժամանակավոր կամուրջների կառուցման մասով աշխատանքը ևս շարունակվում է:
«Հիմա չափազանց կարևոր է գտնել Ախթալայում տարբերակ, որպեսզի բեռնատարները նույնպես անցնեն: Մեր ժամանակավոր կամուրջը հիմա մարդատարների կամ միջին ծանության մեքենաների համար է ծառայում: Երեկ որոշակի քննարկումներ ենք ունեցել, թե ինչպես անենք, որ բոլոր տեսակի մեքենաները անցնեն, որպեսզի նաև տնտեսության, հանքավայրի հետ կապված աշխատանքները բնականոն հուն մտնեն: Երեկ, կարծես, վերջնական լուծումներ ունեցանք, խմբերը վերադարձան: Հոբարձիի կամրջի ժամանակավոր լուծումն ենք գտել, թե ինչպես անել, և, հավանաբար, վաղվանից կսկսենք աշխատանքը»,- ասաց նախարարը: