Առաջարկվում է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք ճանապարհների շինարարական աշխատանքների, դրանց հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև ավարտված ճանապարհների՝ վերջին 5 տոկոսի վճարման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 14-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Նախագծով առաջարկվում է վճարել 2 մլրդ 830 մլն դրամ 4 ճանապարհահատվածի շինարարության և դրանց տեխնիկական ու հեղինակային հսկողության համար և 2 ճանապարհահատվածի ավարտականների համար: Ընդհանուր 22 կիլոմետր է, 10 կիլոմետրը՝ միջպետական, 12 կիլոմետրը՝ տեղական ճանապարհներներն են»,- ասաց Սանոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այդ ճանապարհները, որոնց թվում է Գեղամա սարից դեպի Արեգունի հատվածը՝ 5,3 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումը:
«Սա շատ կարևոր սահմանահատված է, որովհետև, ըստ էության, պարփակում ենք Սևանա լճի շուրջ ճանապարհը… Այսինքն՝ Սևանա լճի շուրջ մենք ունենում ենք շատ լավ վիճակում գտնվող ճանապարհ, որը նաև տուրիզմի զարգացման առումով շատ էական նշանակություն ունի»,- ասաց Փաշինյանը: